31 05 2024

2 Անահիտ` 2 տարբեր վերաբերմունք. «Հրապարակ»

2 Անահիտ` 2 տարբեր վերաբերմունք.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, և, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան:

Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ: Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, և քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեև չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերևներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության և ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:

Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, և Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին և ներկայանալ խորհրդարան։ Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լևոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել։

Հիշեցնենք, որ երեկ էլ ՆԳ նախարարն էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին ուղարկել խորհրդարան: Ի դեպ, նախարարի տեղակալ տիկինը բոլոր հնարավոր վայրերում ծաղրում է իր ղեկավարին, թե երկու բառ չի կարողանում ասել, որտեղ խոսելու տեղ կա, ինձ է ուղարկում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ